Հիշողություն


Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

2. Ամենասիրելի թռչնիդ մասին տեղեկություններ գրի՛ր։

3․Բանաստեղծության միջից դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմոնիշները։

4․Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություն գտնել համացանցից։

5․Փորձի՛ր պատմելով գրել բանաստեղծությունը։

6․ Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Խորամանկ Բուրատինոն


Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր
իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա
բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ
նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ
Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա
բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից
կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս
կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ,
սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր
հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի
գյուղացու։
– Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին
հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք
ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ
մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ
վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ
քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա
կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի
պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս,
համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն,
որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր
բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու
ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ
հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։
Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը
սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված
էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը
ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։
Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի
վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք
բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար
վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական
օվկիանոսը նետվել։

Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը,
այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և
կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին
չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց
նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը։
  2. Ջ․ Ռոդարիի «Խորամանկ Բուրատինոն» հեքիաթում երեք ավարտ գտի՛ր:
  3. Տեքստից դուրս գրի՛ր հինգ հատ հարցական և հինգ հատ հրմայական նախադասություն։
  4. Բնութագրի՛ր Բուրատինոյին։
  5. Նկարագրի՛ր Բուրատինոյին։